Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վովա Գասպարյանի սառը ցնցուղը՝ Գագիկ Ծառուկյանի ձեռքին

Վովա Գասպարյանի սառը ցնցուղը՝  Գագիկ Ծառուկյանի ձեռքին
10.10.2014 | 00:49

Եթե ոչիշխանական ուժերի ռուսական ուղղորդման ինչ-որ կասկածներ կարող էին լինել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետա» թերթին, փարատում է վերջին կասկածն իսկ: Թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Վերջին շրջանում այս երկրում անհանգիստ է. հաճախացել են տարբեր պահանջներով հանրահավաքներն ու բողոքի ցույցերը: Թե ինչ է կատարվում հանրապետությունում, «Նեզավիսիմայա գազետա»-ին պատմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ամենախոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը»: Նվազագույնը հասկանալի չէ, թե ինչո՞ւ հանրահավաքների ու բողոքի ցույցերի ու այն մասին, թե ինչ է կատարվում հանրապետությունում, պիտի պատմի Հայաստանի ամենախոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը: Դա, ժուռնալիստիկայի մեջ, որպես կանոն, անում են տվյալ թերթի թղթակցական կետի լրագրողները, եթե թղթակցական կետ չկա, բայց հարցը խիստ արդիական է, թերթն իր լրագրողին է գործուղում: Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը հայտնվել լրագրողի կարգավիճակում, եթե թե գործընթացը, թե գործընթացի «մեկնաբանությունը» նույն կենտրոնի պատվերը չեն: Ռուս ընթերցողի համար Գագիկ Ծառուկյանը կարող է հարցազրույցի շրջանակում ընկալվել իբրև մտահոգ ու չափավոր ընդդիմադիր քաղաքական գործիչ, որ ընդամենը ուզում է ինչ-որ կետեր առաջադրել ու, պատասխան չստանալուց հետո, պատասխան ստանալ՝ շտապելով հավաստիացնել, որ Հայաստանում «Մայդան» չկա ու երբևէ ոչինչ չի լինի Ռուսաստանի դեմ: ՈՒկրաինայից հետո ռուսներին Հայաստանն էր պակասում: Գագիկ Ծառուկյանը շտապում է հանգստացնել «հուզված» ռուսներին. «Դուք ինձնից և իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել և չեք լսելու հակառուսական հայտարարություններ: Այդ կեղծ գաղափարը արհեստականորեն է մտցված շրջանառության մեջ»: Այսքանով հարցազրույցը կարող էր ավարտվել ու իրականում ավարտվում է, եթե, ընդհանրապես կայացել է: Հարցազրույցը վարող Լենա Ռամանովան հազիվ թե տեսել է Գագիկ Ծառուկյանին, նա պարզապես տվել է հարցեր ու ստացել գրավոր պատասխան, ընդ որում՝ երկու բացահայտորեն տարբեր մարդկանց ձեռքով գրված: Բայց դա անկարևոր մանրուք է: Կարևորը, որ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի իննին՝ հանրահավաքից մեկ օր առաջ, արդեն ունեցավ իր «ելույթը» և բացահայտ ասաց, որ «Մայդանի» այլընտրանքը ճահիճը չպետք է լինի: Վերջ: Ավելին չսպասեք: Իշխանափոխությունը հետաձգվում է,՝ և սա իսկապես այն սառը ցնցուղն է, որ խոստանում էր Վովա Գասպարյանը, բայց հայտնվեց Գագիկ Ծառուկյանի ձեռքին, ընդ որում՝ նաև իր կուսակիցների գլխին: Անակնկա՞լ էր: Բնավ: Այդպիսին է ԲՀԿ-ն եղել, կա ու լինելու: Այլընտրանք: Փաստորեն՝ ոչ միայն իշխանությանը, այլև ոչիշխանությանը:
Ռուսական լրատվամիջոցով հայերի հետ խոսելու տարբերակը շատ ձեռնտու է, որովհետև Լենա Ռամանովան հանգիստ կարող էր չհարցնել, իսկ հինգ-վեց տարի առաջ Դուք իշխանություն չէի՞ք, իսկ Դուք հարկեր վճարո՞ւմ եք, իսկ Դուք ինչո՞ւ «գրագետ քաղաքական օրակարգը» նոր եք ձևակերպում, ինչո՞ւ նախագահական ընտրություններին չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը: Հասցեատիրոջը Ձեր ձայնը ինչո՞ւ չի հասնում, երբ օրումեջ հանդիպում եք: Ձեր մեղքը չկա՞, որ «էապես տուժել է փոքր և միջին բիզնեսը, փակվել է մի քանի հազար ձեռնարկություն, որ Հայաստանում կա աղքատության մակարդակի աճ, օտարերկրյա ներդրումների շեշտակի անկում, տնտեսական աճի տեմպի նշանակալի դանդաղում»: Ի վերջո, որևէ հայ լրագրող, եթե «Կենտրոն» հեռուստաընկերությունից ու ԲՀԿ-ամերձ շրջանակից չէ, հաստատ կհարցներ՝ Դուք իսկապես հավատո՞ւմ եք Ձեր ասածներին, հավատո՞ւմ եք, որ 12 կետերով երկիրը կփրկվի ու իրավիճակ կփոխվի: Եվ ինչպես եք այդքանից հետո «միանշանակ դրական տրամադրված», երբ Ձեզ տարիներով չեն լսում: Արդյունավետ կառավարման Ձեր ծրագրի հեղինակն ո՞վ է: Եթե Դուք եք, ինչո՞ւ Դուք այդքան համառորեն խուսափում եք իշխանափոխությունից: Եվ՝ ինչո՞ւ եք այդքան լավատես, Ձեզ ի՞նչ են խոստացել: Ով-ով, Դուք գիտեք, որ «հասարակական ու քաղաքական ուժերի լայն համախմբումը» Հայաստանում չի «բերի բազմակուսակցական իշխանության՝ իսկապես վայելող ժողովրդի մանդատը: Արդյունավետ կառավարում ու խաղի արդար կանոններ բոլորի համար»: Ինչի՞ հիման վրա եք հնարավոր համարում ու հավատում: Ինչի՞ն:
Որովհետև Մարտի մեկի էջը մի գավաթ շամպայնով շնորհավորեցիք ու փակե՞լ եք:
Որովհետև ՀԱԿ-ը կարծում է՝ իր, բայց իրականում ավելի մե՞ծ մասշտաբով գործիք եք: Ի վերջո, դա երկար ճանապարհի սկի՞զբն է, թե՞ վերջը: ՈՒ՝ ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, եթե բոլորիդ համար արևը ծագում ու մայր է մտնում Ռուսաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. -Ի վերջո, այս հարցազրույցը կարող է ընթացիկ ու պարտադրված էջ լինել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կյանքում, և ճիշտ կլինի, որ արագ մոռացվի, այլապես մեծ հարց է մնալու՝ ինչքա՞ն կարելի է ասել՝ «Մեր խոսքը գործ է», ու՝ գործ չանել:

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ